Այսօր Հայաստանի խոհրդայնացման օրն է: Օրվա խոհրդի վերաբերյալ տարբեր են գնահատականները, մոտեցումները: Հին սերնդի մարդիկ երանությամբ են հիշում այս օրը՝ «հավասար աղքատների» մոդելի մեջ գտնելով արդարության, պետության հոգածության ինչ-որ էլեմենտներ, երիտասարդները լսել անգամ չեն ուզում՝ համարելով, որ նույնիսկ այսօրվա սպառողական միջավայրն ու հոգեբանությունը զարգացման, հնարավորություններն իրացնելու ավելի մեծ հեռանկար են ընձեռում:
Ես պատմաբան եմ ու պարտավոր եմ գնատականս կառուցել էմոցիոնալ հարթությունից դուրս՝ փաստերի, ժամանակի, տարածության մեջ: Հայաստանի խոհրդայնացումը, ըստ էության, պարտադրված էր, որովհետև մեր երկիրը չուներ ռեսուրսներ՝ դիմակայելու թուրքական ագրեսիային, բոլշևիկյան հավակնություններին: Տեղի ունեցածը, ըստ էության, Հայաստանի օկուպացիա էր, որը դրսևորվեց ռուս-թուրքական համաձայնությունների ձևով:
Սովետական յոթանասուն տարիները՝ տնտեսության զարգացման, կրթության ու գիտության առաջընթացի առումով, որոշակի զարգացում ապահովել են, սակայն Հայաստանը զրկել են ռազմավարական զարգացման հեռանկարից, մարդկանց՝ քաղաքացիական գիտակցությունից:
Այսօր Հայաստանի կոմունիստները, որ վաղուց վերածվել են «թոշակառուների ակումբի», հրավիրել էին իրենց հերթական՝ 39-րդ համագումարը:
Հայաստանի իշխանությունները ճգնում են բոլորին համոզել, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը՝ քաղաքական, քաղաքակրթական ընտրություն չէ ու պայմանավորված է բացառապես տնտեսական շարժառիթներով, իսկ ահա ՀԿԿ-ն ԽՍՀՄ-ը վերականգնված տեսնելու պատրանքն ունի: «Սա եվրասիական միութենական պետության վերականգման առաջին քայլն է»,- ասել է ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Այսօր կառավարության նիստերի դահլիճում, որտեղ անցկացվում էր համագումարը, մի քանի ժամով Սովետական Հայաստանը վերականգնվել է: Մե ոգևորությո՜ւն, մե տոնականությո՜ւն... Ես հասկանում եմ իրենց կյանքն ապրած մարդկանց թեկուզ ժամանակավոր ոգևորությունը, մանավանդ, որ ժամեր հետո՝ իրենց համագումարից դուրս, նրանք բախվելու են դառն իրականությանը, հասկանալով, որ ԽՍՀՄ վերականգնումը հնարավոր է ճիշտ այնքանով, որքանով Հայաստանում իրենց իշխանության գալու հեռանկարը:
Կոմունիստների այսօրվա համագումարին հարկ է նայել ոչ թե քաղաքագետի սառնասրտությամբ, այլ պատմաբանի հոգածությամբ:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ